Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
14.11.2008 | 00:00

Մեծարգո պարոն նախագահ
Վերջին շրջանում ԶԼՄ-ները հաճախ են արծարծում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ներման» հրամանագրի միջոցով 2003-ի օգոստոսի 1-ին ցմահ ազատազրկման դատապարտված 42 մահապարտների խնդիրը։ Ինքս այդ անարդարության զոհերից մեկը լինելով՝ սույն նամակի միջոցով ցանկանում եմ օժանդակել ոչ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով մահապատժի դատապարտված իմ բախտակիցներին։
Ինչպես գիտեք, հոկտեմբերի 27-ի դեպքից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում ուժերի հավասարակշռությունը խախտվեց։ Այդ իրավիճակը տևեց 1999-ի նոյեմբերից մինչև 2000-ի ապրիլ ամիսը։ Ամեն անհավասարակշռություն միտվում է դեպի նոր հավասարակշռություն։ Այդ բանը տեղի է ունենում բանակցությունների, երբեմն էլ` ուժի միջոցով։
Այդ քաղաքական սկզբունքների համաձայն էլ Հայաստանում մոտ 5 ամիս տևած քաղաքական, տնտեսական ու այլ տիպի ուժերի միջև կոշտ ու անզիջում բանակցություններ էին ընթանում։ Այդ ժամանակահատվածում բանակցային սեղանին էր հայտնվում քաղաքական և տնտեսական տարբեր շրջանակների ապագա տեղի ու դերի խնդիրը, սկսած լուրջ հարցից, ինչպիսին Արցախի հարցն է, մինչև երթուղային գծերի տերերին որոշելու «ամենաշարքային» հարցը։
Ի վերջո, տրամաբանությունն այն էր, որ Հայաստանում ուժ ներկայացնող հատվածները պիտի քննարկեին անխտիր բոլոր այն հարցերը, որոնց լուծումն իրենց համար այսպես կամ այնպես անհրաժեշտ է։ Իսկ այն խնդիրները, որոնք պիտի չքննարկվեին, շարունակվելու էին համարվել «անլուծելի»։
Ինչպես իմ դատական գործի պարագայում, այնպես էլ «31»-ի ու «Դրոյի» գործերի վերաբերյալ այդ բանակցությունների ընթացքում ոչ մի արծարծում տեղի չունեցավ։ ՈՒստի, երբ ուժերի միջև նոր հավասարակշռություն գոյացավ, նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անվտանգ չէր լինելու գործել վերոնշյալ 3 գործերով դատված 5 մահապարտներից որևէ մեկի ճակատագրի բարելավման օգտին։ «Անլուծելի», այսինքն՝ վերոնշյալ 5 ամիսներին քննարկման առարկա չդարձած խնդիրներից որևէ մեկի արծարծումը կարող էր դրա նման չքննարկված խնդիրների մի ամբողջ «պանդորայի տուփ» բացել ներքաղաքական դաշտում։ Մի բան, որը հավասարակշռություն կազմող ուժերից և ոչ մեկը չէր ցանկանում անել։
ՈՒ այսպես, 2000-ի ապրիլից մինչև 2007-ի սեպտեմբեր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց խախտել այդ հավասարակշռությունը, ոչ միայն քաղաքական կոնտեքստով սույն 3 գործերով դատվածների, այլև բոլոր 42 նախկին մահապարտների ճակատագրերը առկախվեցին։ Մեր խնդիրը դադարեց գոյություն ունենալուց, կարծես մենք էլ պետք է ձևացնեինք, որ գոյություն չունենք։
Սակայն մահապատժի վերաբերյալ Եվրախորհրդի պահանջների բերումով Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, ստիպված եղան հիշել մեր մասին։ Բայց դարձյալ «ներքին համաձայնության» կողմից ստեղծված տաբուն ինքնիրեն պարտադրեց բոլորին, ներառյալ նախագահ Ռ. Քոչարյանին։ Ու այսպես հազար ու մի օրենքի խախտումով և օրենսդրական լկտի հնարքներով միայն մի նպատակ հետապնդվեց, այն է՝ համոզել Եվրախորհրդին, որ նախկին մահապարտների հարց գոյություն չունի Հայաստանում։ Այս նպատակի հետապնդման ընթացքում, որտեղ իշխանությունները նաև ուշադիր էին «ներքին համաձայնությունը» կասկածի տակ չդնելու հարցում, մեր կարգավիճակը ոչնչով չփոխող նախագահական «ներման» մի հրամանագրի միջոցով 42 նախկին մահապարտները դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Իսկ երբ Եվրախորհուրդը հայտարարեց, որ այդ ներումն իր «ճաշակով» չէ, ԱԺ-ն, դատախազությունն ու դատարանը միասնաբար «վերանայեցին» մեր գործերն ու նորից ցմահ ազատազրկման դատապարտեցին։ Երկար ժամանակ լռություն եմ պահպանել, քանի որ ինձ համար հստակ էր, որ այնքան ժամանակ, քանի դեռ նոր ներքին հավասարակշռության համար բանակցություններ չեն սկսվել, մեր հարցը քննարկման առարկա դառնալու ոչ մի հնարավորություն չի ունենալու։
Այսօր հստակ է, որ Հայաստանի կարևորագույն ուժերից մեկը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Պարզ է, որ ինչպես երկրի ապագայով մտահոգ որևէ քաղաքական գործիչ, Դուք ևս հաշվի պիտի առնեիք հատկապես քաղաքական այն ուժը, որն ապացուցել է ներքաղաքական անդորրը խախտելու իր ունակությունը։ Դա է գինը, որ որևէ քաղաքական ուժ ստիպված է վճարել` ստանալու քաղաքական այն տեղն ու դերը, որին հավակնում է։ Այսինքն, ի վերջո, դա է նաև ուժերի միջև համագործակցության պահանջի ակունքը։ Ես նման պայքարներում թշնամանք չեմ տեսնում։ ՈՒստի պատկերացնում եմ, որ բանակցային այս ժամանակահատվածի ավարտին ձեր միջև կկայանա իսկական համաձայնություն՝ ի շահ Հայաստանի ու մեր բոլորի։
Իմ խնդրանքն այն է, որ, ի վերջո, փորձենք ընդունել, որ իրոք Հայաստանում «42-ի հարց» գոյություն ունի։ Դա իրավական տեսակետից գուցե հետևանքն է 2003 թվի օգոստոսի 1-ի նախագահական «ներման» և 2006-ի դատական որոշումների։ Սակայն դրա իսկական պատճառն այն է, որ նախկին բանակցություններում, հավանաբար հոկտեմբերի 27-ի նախաքննությանը զուգահեռ ընթացող փոխամբաստանությունների մթնոլորտում, ոչ ոք բավարար քաջություն չունեցավ որևէ կառուցողական, էլ չեմ ասում մարդասիրական դիրքորոշում արտահայտել մահվան դատապարտվածների գործի նկատմամբ։
Այսօր այդ հիստերիան գոյություն չունի։ Այսօր պատճառ չկա մահապատժի դատապարտվածների ճակատագրի քննարկումը տաբու համարելու։ Այսօր արդեն հստակ են այն երկու ուժերը, որոնք (թեկուզ առանց այնքան էլ այդ բանը ցանկանալու) ստիպված են լինելու միասնաբար կառուցել ապագա Հայաստանը։
Դիմում եմ Ձեզ, հարգարժան պարոն նախագահ, որ «42-ի հարցին» լուծում տաք։ ՈՒ թույլ չտաք, որ այն նորից համարվի տաբու և կամ, մաս չկազմելով քննարկման արժանի նյութերի, շարունակի մեր ճակատագիրն առկախ թողնել։
Լսել ենք, որ Դուք Ձեր շրջապատին կարգադրել եք միշտ լուծել ամեն խնդիր, որ հնարավոր է լուծել օրենքի սահմաններում։ Պահանջել եք հաշտվել ամեն անգամ, երբ դիմացի կողմը դրան դեմ չէ։ Ձեռք երկարել ամեն մի նեղացածի կամ մարդու, որ բողոք ունի իր սրտում։ Մենք հավատում ենք, երբ Դուք ասում եք, որ օրենքը գերակայելու է Ձեր պատկերացրած Հայաստանում։ ՈՒ հիմնվելով այս բոլորի վրա՝ վստահ եմ, որ ոչ ոք Ձեզ չի կարող խանգարել հին կնճիռներից ձերբազատվելու նաև «42-ի խնդրի» համատեքստում։
Հուսով եմ, որ արդարությունը, ի վերջո, կվերականգնվի։
Արմեն ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ
Նախկին մահապատժի դատապարտված

Դիտվել է՝ 5979

Մեկնաբանություններ